среда, 2 июля 2014 г.

Միջազգային կազմակերպություններ

Միջազգային կազմակերպություններ

 ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը /Պայմանագիր/ ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունը:
Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը:
Պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:
Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է 4-րդ հոդվածով, համաձայն որի մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև ռազմական, ինչպես նաև ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով:
1999թ-ին Հայաստանը ստորագրեց նաև Պայմանագրի երկարաձգման մասին Արձանագրությունը:
2002թ-ին Պայմանագիրը փոխակերպվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության /Կազմակերպություն/, որի գործունեության հիմնական հարթություններն են. անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրումը, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը և ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայումը:
ՀԱՊԿ մարմիններն են Հավաքական անվտանգության խորհուրդը (պետությունների ղեկավարների ձևավաչափ), ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրը, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը:
Պայմանագրի` Կազմակերպության վերածվելուց ի վեր շարունակականապես կատարելագործվել է անդամ պետությունների հավաքական անվտանգության և պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական բազան, մշակվել և ստորագրվել են Կազմակերպության գործունեության երեք հիմնական հարթություններում արդյունավետ համագործակցությունն ապահովող փաստաթղթեր:
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը հանդիսանում է ՀՀ անվտանգության ապահովման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը:
Այդ կապակցությամբ, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում` առաջին հերթին, Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում Պայմանագրի 4-րդ հոդվածից բխող անդամ պետությունների պարտավորությունների, այն է` հավաքական պաշտպանության սկզբունքի, իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող միջազգային կազմակերպությունների օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների օժանդակությունը ստանալու նպատակով:

Կազմակերպության հավաքական ուժերի և միջոցների` անդամ պետությունների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պատրաստությունը ստուգելու նպատակով, պարբերական հիմքով անց են կացվում համապատասխան զորավարժություններ:
2008թ. հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանում անցկացվեց ՙՀայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համատեղ պաշտպանության գործողության նախապատրաստում և անցկացում՚ թեմայով ՀԱՊԿ անդամ պետությունների ՙՌուբեժ-2008՚ համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը հնարավորություն ընձեռեց գործնական առումով ստուգելու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված անդամ պետությունների հավաքական պաշտպանության պատրաստվածությունը, ինչպես նաև մշակելու Հայաստանի հանդեպ ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ձեռնարկվելիք միջոցները:
Անդամ պետությունների համագործակցությունը սահմանող փաստաթղթերն ընդունվում են Կազմակերպության գերագույն մարմնի` Հավաքական անվտանգության խորհրդի /ՀԱԽ/ կողմից:
2008թ. սեպտեմբերից 2009 թ. Հունիս ՀԱՊԿ-ում նախագահել է Հայաստանւ Հանրապետությունը:
Հայաստանն, իր նախագահության ընթացքում, առավել մեծ ուշադրություն սկսեց հատկացնել, առաջին հերթին, ՀԱՊԿ շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման գոյություն ունեցող մեխանիզմի պատշաճ կերպով իրագործմանը, հատկապես կարևորելով միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են` ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ անդամ պետությունների առաքելությունների միջև այդ կազմակերպությունների օրակարգային հարցերի վերաբերյալ դիրքորոշումների օպերատիվ կարգով համաձայնեցնելու և միմյանց աջակցություն ցուցաբերելու գործում համագործակցությունը:
2009թ. փետրվարի 4-ին Հայաստանի նախագահության ներքո Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանում որոշում կայացվեց` Կազմակերպության շրջանակներում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր /ՕԱՀՈւ/ ստեղծելու վերաբերյալ, որոնց նպատակը կլինի` անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցումը, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետ պայքարի հատուկ գործողությունների անցկացումը, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
ՀԱՊԿ ՕԱՀՈւ կազմում ընդգրկելու նպատակով անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կազմից հատկացվել են զինվորական միավորումներ և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ:
Զինվորական միավորումներ ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈւ կողմից նաև հատկացվել են` ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկելու նպատակով:

Комментариев нет:

Отправить комментарий